ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է բարձր մակարդակի միջազգային համաժողով:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դրամի ներդրման 25-ամյակը նշանավորում է նաեւ Հայաստանում անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկիզբը: Նա ասել է, որ այս 25 տարիների ընթացքում հայկական դրամը դիմակայել է բազում ցնցումների՝ շարունակելով կատարել հուսալի արժույթի իր դերը: ԿԲ նախագահը շեշտել է, որ այժմ Հայաստանում գործում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության եւ ֆինանսական կայունության կառուցակարգ:

Համաժողովին ԿԲ պաշտոնյաների կողմից ներկայացվել են Հայաստանում անցած 25 տարիների ընթացքում դրամավարկային համակարգի զարգացման հիմնական փուլերը եւ ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի քաղաքականությունը, կիրառվող գործիքակազմը եւ մեխանիզմները:

Համաժողովի հատուկ հյուր, Նորթվեսթերն համալսարանի պրոֆեսոր Լուորենս Քրիստիանոն ներկայացրել է «Դոլարիզացիա. Ընտրություն տնային տնտեսությունների ապահովագրման եւ ֆինանսական ճգնաժամերի հավանականության մեծացման միջեւ» թեմայով դասախոսություն:

Միջոցառման ընթացքում կայացան աշխատանքային քննարկումներ տարբեր ֆինանսա-տնտեսական հարցերի շուրջ:

Համաժողովի մասնակիցների շրջանում մտքերի ակտիվ փոխանակում տեղի ունեցավ տարբեր երկրներում գների եւ ֆինանսական կայունության ապահովման մեխանիզմների եւ փորձի փոխանակման վերաբերյալ: