Վերջին 3-4 օրերի ընթացքում հակաքարոզչություն է մեկնարկել «Լույս» դաշինքի դեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբբերի 15-ին, Դավիթաշենում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Շատ լուրջ, շատ լավ կազմակերպված հակաքարոզչություն է մեկնարկել «Լույս» դաշինքի նկատմամբ։ Մարդիկ տեսնում են՝ Արտակ Զեյնալյանը անխոցելի է, Էդմոն Մարուքյանին են ուզում խոցեն, տեսնում են՝ էդ քիչ ա, հետո Արամ Սարգսյանին են անցնում, հետո « Լույս» դաշինքին, հետո ավագանու անդամներին, հետո ցուցակին։ Այս օրերին մեր մասին բազմաթիվ բաներ են տարածվում՝ սուտ, խեղաթյուրված։ Ես սկսեցի մտածել, լավ, ինչ է պատահել։ Մենք սիրով, հանդուրժողականությամբ, համերաշխությամբ քարոզարշավ ենք սկսել, ասել ենք՝ հարգում ենք բոլորին, ասել ենք, որ երեւանցին պետք է որոշի, ով է Երեւանի քաղաքապետը եւ Զեյնալյանն էլ որ ընդունվի քաղաքապետ ինքն է աշխատելու, ես չեմ աշխատելու»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ շատ լուրջ տեխնիկաներ օգտագործելով՝ իրենց դեմ տեսանյութեր են պատրաստում․ « Մի հատ անեկդոտ կա չէ, որ ասում է՝ 2 ընկերով գնացել էինք մի հատ հարսանիք, էնքան կազմակերպված հարսանիք էր, որ մինչեւ հարամ արինք, մերը մեզ հասավ։ Հիմա մեր քարոզարշավը էնքան կազմակերպված  է, որ ինչքան փորձեք հարամ անեք, հարամ չի լինելու»։

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իրենց դաշինքի դեմ մեկնարկած հակաքարոզչությունից ինքը ենթադրում է, որ իրենց գործերը շատ լավ են։