Կապանի Շահումյանի անվան ստորգետնյա հանքում փետրվարի 8-ին`առավոտյան ժամը 5-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է «Deno Gold Mining» ընկերության աշխատակից` 34-ամյա Արմեն Եղիազարյանը: Այս մասին, ըստ «Էկոլուրի» ասված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Պատահարից անմիջապես հետո ընկերության արագ արձագանքման ջոկատի կողմից տուժածը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Հանքի այն հատվածը, որում տեղի է ունեցել պատահարը, այժմ մեկուսացվել է եւ գտնվում է ընկերության արագ արձագանքման ջոկատի հսկողության տակ: Դեպքի մասին զեկուցվել է Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, որի ներկայացուցիչների կողմից կիրականացվի դեպքի ամբողջական քննություն:

Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ ընկերության ղեկավարությունը կիսում է մահացածի ընտանիքի եւ ընկերների վիշտը, ցավակցություն հայտնում նրանց եւ հանքի բոլոր աշխատողներին: