Երեւանն այնպես է թալանվել նախկին քաղաքային իշխանությունների կողմից, որ այսօր Երեւանի բյուջեով հնարավոր չէ լուծել քաղաքի խնդիրները։ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ սեպտեմբերի 16-ին քարոզարշավի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

«Երեւանն այնպես է թալանվել նախկին քաղաքային իշխանությունների կողմից, որ այսօր Երեւանի բյուջեով հնարավոր չէ լուծել քաղաքի խնդիրները։ Նա, ով կասի, որ կարող է Երեւանի բյուջեով լուծել Երեւանի խնդիրները, չհավատաք, էդպիսի բան չկա: Երեւանին լուրջ ներդրումներ են պետք, եւ այդ ներդրումները կարող է ապահովել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- ասաց թեկնածուն։

Նա նշեց, որ այլեւս ոչ մի լումա Երեւանից որեւէ մեկը չի գողանալու։

«Ես ավելի ուժեղ եմ լինելու, քան բոլոր ուժային կառույցները միասին վերցրած, քան բոլոր տղամարդ թեկնածուները միասին վերցրած։ Մենք իրատեսական ծրագիր ենք առաջարկում, մենք որոշ քաղաքական ուժերի նման չենք առաջարկում 3 մետրանոց վերելակները տեղավորել Երեւանի՝ մեկ մետրանոց շախտաներ ունեցող շենքերում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: