Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին կոշտ քննադատության ենթարկեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին եւ նրան սատարող քաղաքական ուժին։

«Որոշ թեկնածուներ էսօր գաստրոլ են տալիս, կլինի՝ լավ, չի լինի՝ կգնան եվրոպական քաղաքների իրենց տները։ Ի՞նչ է եղել որ, նայում ես հայտարարագրերը, զարմանում ես, ասում ես՝ ոնց է հնարավոր էսպիսի ունեցվածք կուտակել, եվրոպական քաղաքներում 6-7 բնակարան ունենալ: Կարծում են Երեւանը «Երեւան Փրոդաքշըն» է իրենց համար, հերթական բիզնես պրոյեկտն է։ Եթե Հայաստանը իրենց հայրենիքը լիներ, մարդիկ սեփական տները կունենային իրենց երկրում, ոչ թե եվրոպական մայրաքաղաքում»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ քաղաքական ուժերից մեկը փորձում է ահաբեկելով, ստիպելով, «սրան-նրան ասֆալտին պառկեցնելով» քվեներ հավաքել, ինչ-որ ժամանակին անում էր ՀՀԿ-ն․ «Նրանք, ինչպես ժամանակին անում էին հանրապետականները, փորձում են հաստատել մեկ քաղաքական ուժի մենաշնորհ։ Էդ դեպքում հարց ենք տալիս՝ ինչի՞ համար տեղի ունեցավ այս հեղափոխությունը, մեկ այլ քաղաքական ուժի դիկտատուրա՞ պիտի հաստատվեր։ Պետական միջոցներից հսկայական ռեսուրսներ են վատնում կեղծ ֆեյքեր պահելու համար, որոնք սոցիալական ցանցերում փորձում են ատելություն տարածել մնացած 11 ուժերի հանդեպ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նաեւ քաղաքական բանավեճի հրավիրեց Հայկ Մարությանին, բայց՝ առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի: 

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետեւում Քոչարյանն է կանգնած է: Քոչարյանը հենց ձեր կողքին է կանգնած, որովհետեւ Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են: Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է: Գա՝ ի՞նչ խոսի, գա՝ իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երեւանի խնդիրները»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: