Ֆրանսիական «Ազգային միավորում» (նախկին «Ազգային ճակատ») կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է «անմիտ միգրացիոն քաղաքականության» մեջ ընկղմված Եվրամիության սպառման մասին եւ Եվրոպայի բոլոր կառուցողական քաղաքական ուժերին առաջարկել է միավորվել ԵՄ-ի փոխարեն Եվրոպայի ազգերի միություն (ԵԱՄ) հիմնելու համար: Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է կիրակի՝ Ֆրանսիայի հարավում Ֆրեժյուս քաղաքում «Ազգային միավորման» հանդիպման ժամանակ ներկայացնելով 2019 թվականին Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում իր կուսակցության ծրագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը Եվրոպան չէ: Եվրամիությունը գաղափարական կառույց է, ինստիտուտ, որը կառավարվում է անանուն իշխանությամբ, կենտրոնացված կերպով ղեկավարում է մինչեւ Թուրքիա կամ Մահրիբ հասնող անսահմանափակ տարածք: Տարածք, որը չի ամրագրվում որեւէ պատմությամբ, որեւէ արմատով կամ ավանդույթներով, սա տարածք է, որն իրականում չունի ո՛չ ուժ, ո՛չ հեռանկար՝ բացի համաշխարհային լավայում տարրալուծվելը: Ամփոփելով՝ Եվրամիությունը Եվրոպային ամենալուրջ կերպով վնասում է»,- իր ելույթում ասել է Լը Պենը, որը հեռարձակվել է BFM-ով:

Լը Պենի կարծիքով՝ ԵՄ-ն իր ներկայիս տեսքով վերածվել է «բռնապետության, որը վերացնում է ժողովուրդներին, նրանց դեմ բռնություն կիրառում՝ ինչպես բրիտանացիների եւ լեհերի դեմ, որոնք չեն ենթարկվում նրա օրենքներին, իսկ մնացյալի դեմ նաեւ շանտաժ է կիրառում»: «Եվրամիությունը Եվրոպային չի պաշտպանում, սակայն կործանում է եվրոպական գաղափարը: Ավելի վատն այն է, որ նրա ոչնչացումը կազմակերպում է միգրացիոն հեղեղի հաշվին, ֆինանսական օլիգարխներին իր ենթակայությամբ, մեր սոցիալական պաշտպանության համակարգերի կրճատմամբ, մեր ինքնության ոչնչացմամբ, ազատ առեւտրի մասին պայմանագրերի ներդրմամբ, որոնք ապահովում են մեր տարածքների ու տնտեսությունների կողոպուտը»,- վստահ է  քաղաքական գործիչը: