Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի եւ խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության եւ դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, ԵՄ-ն հատկապես ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի դրական դերն այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման հարցում: «Այն գերազանց օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է անկախ մշտադիտարկումը խթանել ժողովրդավարությունը»,- նշված է հայտարարությունում։

Հայտարարությամբ շեշտվել է խոսքի եւ խաղաղ հավաքների ազատության կարեւորությունը, այդ հարցում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու քաղաքացիական հասարակության կարեւոր դերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել այդ հարցերում Եվրամիության մտահոգություններին։