Միջերկրական ծովի երկնքում ռուսական Իլ-20 ռազմական օդանավը սիրիական ՀՕՊ կողմից խոցվել է, քանի որ օդանավով քողարկվել էին Իսրայելի F-16 կործանիչները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ ռուսական օդանավով քողարկվելով՝ իսրայելցի օդաչուները այն դրել են Սիրիայի ՀՕՊ միջոցների կրակի տակ: «Արդյունքում Իլ-20-ը, որի արդյունավետ արտացոլող մակերեւույթն ավելի մեծ է, քան F-16-ինը, խոցվել է Ս-200 համալիրի հրթիռով»,- նշել է Կոնաշենկովը:

Իսրայելական օդանավերը հարվածներ են հասցրել Լաթաքիայի շրջանում եւ կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել այդ շրջանում գտնվող վերջրյա նավերի ու օդանավերի համար, հավելել է նա: «Ռմբակոծությունն իրականացվել է ֆրանսիական Auvergne ֆրեգատի գտնվելու վայրից ոչ հեռու եւ Ռուսաստանի ՕՏՈՒ վայրէջքի պատրաստվող Իլ-20-ին անմիջապես մոտ»,- ասել է Կոնաշենկովը:

Ռուսաստանն Իսրայելի գործողությունները գնահատում է որպես թշնամական եւ իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում: «Իսրայելի այս սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելցի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվել է 15 ռուս զիծառայող: Սա բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմն կիրեն համարժեք պատասխան գործողությունների իրավունք է վերապահում: