Սեպտեմբերի 17-ի գիշերը Ավրաամ Ռուսսոն իրավապահ մարմիններին դիմում է գրել՝ հայտնելով, որ 2004 թվականին Մոսկվայի կենտրոնում իրեն առեւանգել են, փոխանցում է «Կոմերսանտը»: Հայտարարության փաստով Մոսկվայի ժամանակով 4:30-ին քրեական գործ է հարուցվել, իսկ 1,5 ժամ անց արդեն մայրաքաղաքում ձերբակալել են «Պրահա» ռեստորանի նախկին գլխավոր տնօրեն Զաուր Մարդանովին: Նրա տանը խուզարկություն է կատարվել, նրան հարցաքննել են, որից հետո հսկողության ներքո թողել:

Սակայն առեւանգման կազմակերպիչը, քննիչների կարծիքով, «ԱՍԹ»-ի (Ալեքպեր-Սարհան-Թելման՝ առաջին անվանատառերից կազմված) հիմնական սեփականատեր Թելման Իսմաիլովն է: Նա ինչ-որ ժամանակ ֆինանսավորել է Ռուսսոյի համերգային գործունեությունը, սակայն հետո նրա եւ երգչի միջեւ իբր վեճ է ծագել: Գործի նյութերը վկայակոչելով՝ «Կոմերսանտը» Իսմաիլովին դերակատարում է հատկացրել հանցավոր խմբի անդամների շարքում, որի մեջ է մտել նրա զարմիկ Մարդանովը եւ եւս հինգ՝ «քննությամբ չպարզված անձինք»:

Ինչպես նշված է նյութերում, արդյունքում 2004 թվականի հունվարի 31-ին Իսմաիլովը Ռուսսոյին հրավիրել է «Պրահայում» ընթրիքի, նրան տարել է իր ծառայողական աշխատասենյակ եւ Մարդանովի հետ միասին երգչին ծեծել: Այնուհետեւ Ռուսսոյից պահանջել են չեղարկել համերգները եւ պայմանագիր կնքել Իսմաիլովի հետ:

Դրանից հետո երգչին, նրա խոսքով, տարել են Ապրելյովկայի ամառանոց: Երբ Ռուսսոն համաձայնվել է կատարել առեւանգողների բոլոր պահանջները, նրան բաց են թողել:

Թելման Իսմաիլովի փաստաբան Մարինա Ռուսակովան այս պատմությունն ամբողջությամբ անհեթեթ է անվանել: Նրա խոսքով՝ անտրամաբանական է ծանր հանցագործության մասին 14 տարի անց հայտնելը: Նրա համար անբացատրելի է նաեւ ժամը 4:30-ին քրեական գործ հարուցելու հապճեպությունը: Փաստաբանը տարակուսանք է հայտնել նաեւ այն հանգամանքով, որ պարոն Ռուսսոն իր առեւանգման մասին իրավապահներին չի հայտնել նույնիսկ այն ժամանակ, երբ քննվում էր 2006 թվականին իր դեմ մահափորձի գործը, այլ միայն հիմա է հիշել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին Քննչական կոմիտեն Ինտերպոլով Իսմաիլովի հետախուզումը կազմակերպելու համար նյութեր էր ուղարկել գլխավոր դատախազություն: «Քննության տվյալներով՝ Թելման Իսմաիլովը 2 ձեռնարկատերերի՝ (առեւտրային համալիրի սեփականատեր) Վլադիմիր Սավկինի եւ («Լյուբլինո Մոտորսի» հիմնադիր) Յուրի Բրիլյովի սպանության կազմակերպիչն է»,- հայտնել էին քննիչները՝ նշելով, որ Իսմաիլովը այս հանցագործության ծրագիրը, իրենց տեղեկություններով, «մշակել է իր եղբայրներ Ռաֆիկի եւ Վագիֆի հետ միասին»: