Նիգերիայի կառավարությունը ավելի քան 100 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով երկրի 4 նահանգներում հայտարարել է ազգային աղետի մասին: Այս մասին նշված է երկրի նախագահի աշխատակազմի՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նիգերիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բուհարիի անունից, ես՝ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության գլխավոր տնօրեն, ինժեներ Մուսթաֆա Մայհաջաս, հայտարարում եմ ազգային աղետի մասին հետեւյալ նահանգներում՝ Կոգի, Նիգեր, Անամբրա եւ Դելտա»,- ասել է Մայհաջան:

Africa News պարբերականը հայտնում է, որ մյուս նահանգները կլինեն հսկողության ներքո: Օգնության ցուցաբերման 5 կենտրոն է բացվել որոնողական եւ փրկարարական գործողություններ իրականացնելու համար:

Պարբերականը հայտնում է, որ կառավարությունը հատկացրել է 3 մլրդ նայր (մոտ 8,2 մլն դոլար) երկրի տարբեր հատվածներում ջրհեղեղի ընդգրկած շրջանների բնակիչներին բուժօգնություն ցույց տալու համար:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի կենտրոնական եւ հարավային մասում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է  100 մարդ: AP գործակալությունը, վկայակոչելով երկրի նախագահին, հայտնել է, որ ավելի քան 100 հազար մարդիկ հարկադրված էին իրենց տները լքել: