Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզու Մայրավանքում տեղի է ունեցել  միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հաղորդում է Vatican news-ը: 

Հռոմի պապն իր ուղերձում նշել է, որ Մխիթարյան միաբանությունն իր 300 տարվա պատմության ընթացքում դիմագրավել է հին եւ նոր դժվարությունների, ապա վստահեցրել, որ Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրության է արժանացրել Մխիթար աբբահորն ու վերջինիս զավակներին, եւ այսօր եւս պատրաստ է օգնել եւ աջակցել:

«Ամեն մի կրոնավոր այսօր Սուրբ Ղազարի մեջ եւ ամենուրեք կոչված է բաց պահելու առաքելության հորիզոնները եւ նաեւ հաղորդության կապը, որովհետեւ Մխիթարյան ինքնությունը նախեւառաջ պահանջում է լինել կրոնավորներ, որոնք ամբողջությամբ նվիրված են Աստծուն: Այդ կոչումը չի կարելի իրականացնել առանց եղբայրների հետ իսկական հաղորդության եւ առանց աղքատության, ողջախոհության ու հնազանդության ուխտերի ամբողջական ընկալումի, որոնք ավետարանական իսկական վերանորոգումի ակնաղբյուր են եւ վստահ երաշխիք այսօրվա դժվարությունների մեջ»,-նշել է Հռոմի Պապը:

Պատգամի ավարտին Ֆրանցիսկոս Պապը մաղթել է միաբանության հիմնադիր Մխիթար աբբահոր ջահը շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ եւ ծաղկուն ճանապարհը, Քրիստոսի հավատքով եւ այն հույսով, որ նրա խոսքը մշտական կյանք է պարգեւում: