Բավականին տարօրինակ է, որ Երեւանի ավագանու ընտրություններին քարոզարշավի ողջ տրամաբանությունը սահմանափակվում է միայն քաղաքային նախագծերին վերաբերող առաջարկներով: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայք» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը:

Նա նշեց, որ գաղափարախոսական նշանակություն ունեցող հարցերը եւ բանավեճերը երկրոդային են դարձել:

Հովսեփյանը վստահ է, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական նշանակություն ունի, եւ նրանց կուսակցությունն առաջարկել է միանգամից երեք կարգախոս «Երեւան՝ բոլոր հայերի մայրաքաղաք», «Երեւան՝ մարդկության մայրաքաղաք» եւ «Երեւանը պետք է դառնա հեղափոխության եւ նոր արժեքների մայրաքաղաք»:

Ըստ Գեւորգ Հովսեփյանի, նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք չեն պատրաստվում վիճել այլ քաղաքական ուժեր ներկայացնող իրենց գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: