Ադրբեջանը 9-10 տարի շարունակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ռազմավարության մեջ բանակցային գործընթացը համադրում է կրակոցների հետ: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն այս ճանապարհով փորձում է ազդել Հայաստանի դիրքորոշման վրա: Սակայն փորձագետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ոչ մի նոր բան չի սպասում: «Հավանաբար, տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, բայց այն հազիվ թե ինչ-որ բանի հանգեցնի»,- նշեց նա:

Նրա կարծիքով՝ վերջին օրերին Տավուշի ուղղությամբ կատարված հրաձգությունը դժվար թե այս տարի ինչ-որ արտառոց բանի բերի: «Հիմա խոշոր թեժացման առաջացման կամ պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ»,- կարծում է փորձագետը: