Հայաստանը պետք է խաղաղ ապրի, որպեսզի Ադրբեջանի կողմից որեւէ ճնշման չենթարկվի, իսկ Թուրքիան որեւէ հող չպահանջի: Այս մասին Երեւանում սեպտեմբերի 18-ին ասուլիսում հայտարարեց «ՌՈՍԱ» Եվրասիական ինտեգրացիայի գաղափարի աջակցության եւ խթանման հիմնադրամի արտաքին կապերի բաժնի տնօրեն, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Մաքսիմ Մացկեւիչը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Մացկեվիչն ասաց. «Հասկանալի է, որ եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա Ադրբեջանին հետաքրքիր կլինի հավակնել ինչ-որ հողերի, ինչպես եւ Թուրքիային, բայց դա անթույլատրելի է: Կա Հայաստան, կա Լեռնային Ղարաբաղ, ամեն մեկը պետք է իր երկրում ապրի, իր պետությունում, իսկ ամենակարեւորը ավտանգ ապրի, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի: Այժմ մենք լուրեր ենք կարդում եւ տեսնում, թե ինչ իրադարձություններ են կատարվում Լեռնային Ղարաբաղում եւ հայ ժողովրդի հետ միասին անհանգստանում ենք»:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ քաղաքական գործիչը նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական երկրներ են, որոնց միավորում է փոխադարձ հարգանքը: Միեւնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, հարաբերությունները չեն փչանա:

 «Հայաստանի համար Ռուսաստանը կարեւոր ռազմավարական գործընկեր է, մեզ համար Հայաստանը եղբայրական ժողովուրդ է: Հուսով եմ, որ հարաբերությունները կբարելավեն », - ասաց նա:

Մացկեւիչը հիշեցրեց, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, ապա նա կտրուկ դեմ էր արտահայտվում հա-ռուսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

 «Այժմ մենք տեսնում ենք, որ նրա դիրքորոշումը փոխվում է: Եվ ես հուսով եմ, որ նա կհասկանա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը պետք է միասին լինեն, որ կարելի է զարգանալ եւ ապրել խաղաղ պետությունում, որպեսզի Ադրբեջանի կողմից որեւէ ճնշում չլինի, իսկ Թուրքիան որեւէ հողի չհավակնի», - ամփոփեց քաղաքական գործիչը: