Նախընտրական շրջանում ես ոչ մի խախտում չեմ նկատել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ նախկինում քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը միմյանց նկատմամբ հարգալից եւ կոռեկտ լինելու մասին  խախտվել է. «Սոցիալական ցանցերում բանը հասել է անձնական վիրավորանքների։ կեղտոտ մեթոդները, որոնք կիրառվել են մեր թեկնածուի՝ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, անընդունելի են»,–շեշտեց Մելքումյանը։

Պատգամավորը վստահ է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ունեն քաղաքական նշանակություն, եւ ընդգծել է, որ քաղաքապետարանում պետք է աշխատեն մարդիկ, որոնք գլուխ են հանում քաղաքականությունից։

Նախընտրական քարոզարշավի մասով նա նկատեց, որ շատ հաճախ նախընտրական ծրագրերն անցնում են երկրորդ պլան, իսկ կողմերը պարզապես սկսում են գնահտականներ տալ միմյանց գործունեությանը։ Նման պահվածով որոշ քաղաքական ուժեր փորձում են դիվիդենտներ հավաքել։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր։