Պարտադիր չէ արձագանքել ցանկացած մտքին: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական կտրուկ ելույթն այն մասին, որ որոշ մարդկանց պետք է ոչ միայն «ասֆալտին փռել», այլեւ անհրաժեշտության դեպքում՝ «պատերով տալ»:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ պարտադիր չէ վարչապետի ցանկացած ելույթը կապել Երեւանի ավագանու ընտրությունների հետ:

Հարցին՝ արդյոք  ԲՀԿ-ն շարունակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընկալել որպես գործընկերոջ, Մելքումյանն ասաց, որ մրցակցությունը չպետք է թշնամության վերածվի: «Մեծ իմաստով մենք իրականացնում ենք կառավարության գործունեության մի մասը, եւ ընտրություններից առաջ կարող է որոշակի լարվածություն առաջանալ: Աշխարհը դրանից փուլ չի գա», - ասաց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: