ՌԴ Պետական դումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Դենիս Պարֆյոնովը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կոչ են արել Սիրիայում «Իսրայելի սադրանքին» պատասխան համալիր միջոցառումներ մշակել՝ ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների խզում: Այս մասին նշված է պատգամավորների նամակում, որի պատճենը ՌԲԿ-ի տրամադրության տակ է:

Ինչպես պնդում են պատգամավորները, Իլ-20 օդանավի հետ կապված պատահարը «Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական քայլ է»: «Սա չի կարելի այլ կերպ ընկալել, քան ոչ թե գործընկերոջ, այլ հակառակորդի գործողություն»,- նշված է պատգամավորների ուղերձում: Նամակի հեղինակները նշել են, որ խոսքը վերաբերում է ռուս զինծառայողների կյանքին, եւ այս իրավիճակում «Իսրայելի հետ ընդունելի փոխզիջումներ ուղղակի չեն դիտարկվում»:

Սեպտեմբերի 17-ին Հմեյմիմ ավիաբազա վերադարձող ռուսական Իլ-20 օդանավը խոցվել էր սիրիական ՀՕՊ կողմից: Զոհվել էին օդանավում գտնվող 15 զինվորականները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածի համար մեղավոր է համարում իսրայելցի օդաչուներին՝ պարզաբանելով, որ նրանք են ռուսական օդանավը սիրիական Ս-200 համալիրի հարվածի տակ «դրել» եւ կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել շրջանում գտնվող նավերի ու օդանավերի համար»:

Այդ օրը Իսրայելի ՌՕՈՒ F-16 4 կործանիչներ Լաթաքիայի շրջանում հարվածներ են հասցրել արդյունաբերական օբյեկտներին: Ինչպես պնդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, իսրայելցի օդաչուները «չէին կարող չտեսնել» վայրէջքի գնացող ռուսական օդանավը: