ԱՄՆ զինված ուժերի կողմից ստեղծվող տիեզերական ուժերը, եթե այդ նախագիծը հավանության արժանանա Կոնգրեսի կողմից, կազմված կլինի 13 հազար մարդուց, իսկ նրանց վրա ծախսերը կկազմեն 13 միլիարդ դոլար՝ 5 տարվա ընթացքում։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն, նշված է ԱՄՆ ԶՈՒ հուշագրում։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնահատականով տիեզերական ուժերի ստեղծման համար 1 տարում կպահանջվի 3 միլիարդ դոլար, իսկ հաջորդ 4 տարիներին՝ 10 միլիարդ։

ՌՕ ուժերի նախարար Հիզեր Ուիլսոնը սեպտեմբերի 14- հուշագրում նշում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցությունն իրենց գերակա խնդիրն է, եւ «դա ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, ինչպես տիեզերքում»։

Նախագծով տիեզերական ուժերի շտաբը պատրաստ կլինի 2020թ․, իսկ ծրագրերի իրականացումը կսկսվի 2021թ․։

Պենտագոնը Տիեզերական ուժերի ստեղծման մասին օրենքի նախագծում կներառի նաեւ պաշտպանության նախարարության բյուջետային առաջարկությունները՝ 2020 թվականի համար։