Իսրայելական զինվորականները Սիրիայի ՀՕՊ ուժերին մեղադրել են, որ նրանք ոչնչացրել են  ռուսական ինքնաթիռը, ասելով, որ «անկանոն» կրակ են բացել եւ չեն ստուգել, թե արդյոք ռուսական ինքնաթիռներ կան օդում, գրում է  Reuters-ը: Իսրայելը նաեւ ցավակցություն է հայտնել ռուսական օդանավի անձնակազմի մահվան կապակցությամբ:

Իսրայելի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ իրենց կործանիչների «թիրախը» սիրիական օբյեկտն էր, որից, իսրայելական կողմի կարծիքով, Իրանը պետք էր զենք փոխանցեր «Հըզբոլլահին»:

Այն պահին, երբ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել էր, իսրայելական կործանիչներն «արդեն Իսրայելի օդային տարածքում էին»:

 Իլ-20-ը ռադարներից անհետացել էր Լաթաքիա նահանգի վրա իսրայելական 4 F-16 ինքնաթիռների հարձակման ժամանակ, այս տարածքում գտնվում էր նաեւ ֆրանսիական Auvergne ֆրեգատը: Միջերկրական ծովի երկնքում Իլ-20-ի անձնակազմի հետ կապը կորել էր Սիրիայի ափերից 35 կմ հեռավորության վրա մոտ 23:00-ին:

Պն տվյալներով, իսրայելական օդաչուները պաշտպանվելով ռուսական ինքնաթիռով՝ նրան Սիրիայի ՀՕՊ-ի հարվածի տակ են դրել: Մահացել է 15 ռուս զինծառայող:

Ընդ որում Իսրայելը չէր զգուշացրել ռուսական հրամանատարությանը ծրագրվող գործողության մասին: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ոչնչացված Իլ-20-ի եւ անձնակազմի մահվան մեղքը ամբողջությամբ Իսրայելինն է:

Իսրայելը հերքում է իր մեղքը եւ պատասխանատվությունը դնում է Դամասկոսի, Իրանի եւ Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման վրա: