Երեւանի խնդիրները «դուխով» չեն լուծվելու, այլ այն ներդրումային ծրագրերով, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18ին Աջափնյակում քարոզարշավի ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։

«Այս ընտրությունը սեւի ու սպիտակի ընտրություն չէ, հերոսի ու հակահերոսի, դավաճանի ու հայրենասերի ընտրություն չէ, սա դուխով ու չդուխովի ընտրություն չէ։ Ընտրության օրն անցնելու է, եւ եթե դուք ընտրություն չանեք՝ հաշվի առնելով մեր ուժի կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, Երեւանի խնդիրները «դուխով» չեն լուծվելու։ Ներդրումներով է հնարավոր լուծել միայն խնդիրները, իսկ «դուխով» խնդիրը չի լուծվի։ Գաստրալյոր թեկնածուներին մի հավատացեք, ովքեր Երեւանը փորձում են վերածել «Երեւան փրոդաքշնի», ովքեր եվրոպական տարբեր քաղաքներում ունենալով սեփականություններ՝ մտածում են, որ կընտրվեն՝ լավ, կշարունակեն թալանել Երեւանը, հակառակ դեպքում՝ կգնան, կվայելեն իրենց սեփականությունները Եվրոպայում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ Երեւանը բիզնես պրոյեկտ չէ եւ իրենք թույլ չեն տալու, որ շարունակեն թալանել մայրաքաղաքը։