Եթե մենք փռելու ենք, ապա միայն ասֆալտ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի Աջափնյակ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի 2-րդ համար Պետրոս Ղազարյանը:

«Այո՛, ասֆալտ ենք փռելու եւ գաջ ենք ծեփելու, բայց եթե փռելու ենք, ապա միայն ասֆալտ, եթե ծեփելու ենք՝ միայն գաջ։ Դա մեր մոտեցումն է, Երեւանում եւ Հայաստանում մենք այլ բան չունենք անելու, բոլորը մեր գործընկերներն են, խաղաղ, սիրով, համերաշխ եւ ուրախ՝ դեպի ընտրություններ»,- ասաց Պետրոս Ղազարյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հանձնարարել էր «ասֆալտին պառկեցնել» բոլոր օլիգարխների, նախկին պաշտոնյաների թիկնապահներին։ Ավելի ուշ, վարչապետը նաեւ հայտարարել էր, որ «երեխաների ապագայի նկատմամբ ոտնձգություն կատարողներին ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլեւ պատերով կտանք»։