Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում է եղել: Բակո Սահակյանի եւ Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան զինվորականների հետ վարչապետն առաջնագիծ է այցելել, հետո աշխատանքային քննարկում անցկացրել: Փաշինյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում եւ ամփոփել արդյունքները՝ վստահեցնելով. առաջնագծում իրավիճակը վերահսկվում է:

Արցախի նախագահի եւ զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են նաեւ Արցախի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը եւ արձանագրել. պատրաստ ենք խաղաղության, բայց պատասխան կտանք ադրբեջանական ցանկացած սադրանքի:

Փաշինյանը նաեւ բացատրել է, թե ինչու է հետաձգել Նյու Յորք կատարելիք աշխատանքային այցը. ցանկանում էր սեպտեմբերի 23-ին Երեւանում լինել եւ անպայման մասնակցել քվեարկությանը: Ասել է՝ ուզում էր ընդգծել յուրաքանչյուր քաղաքացու քվեի կարեւորությունը եւ կոչ արել անպայման մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ սոցհարցումների արդյունքներ են հրապարակվում: Ռուսական «ՌՕՍԱ» հիմնադրամի հարցման համաձայն՝ ընտրություններում կհաղթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, հիշեցնենք, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 10-15-ը Երեւանի տարբեր շրջաններում: Հետազոտության մեջ ներգրավվել է 18-84 տարեկան 1000 քաղաքացի: ԲՀԿ-ին ձայն տալու մասին հայտնել է հարցվածների 37 տոկոսը, մինչդեռ Հայկ Մարությանին առաջադրած «Իմ քայլը» դաշինքին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 18 տոկոսը: Բացի այդ, ըստ արդյունքների, ընտրություններին պատրաստ է մասնակցել հարցվածների 54 տոկոսը, 34 տոկոսը չի քվեարկելու, իսկ 12 տոկոսը չի կողմնորոշվել՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ: Սակայն հետազոտության հեղինակները քվեարկության օր անակնկալներ են սպասում, քանի որ նախընտրական արշավի ընթացքում ընտրողների նախապատվությունները շատ արագ են փոփոխվում:

Մինչ քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են սեպտեմբերի 23-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններին, կառավարությունն Անկախության 27-ամյակի միջոցառումների վերջին նախապատրաստական աշխատանքներն է անում: Սեպտեմբերի 21-ին տոնական միջոցառումների կիզակետը Հանրապետության հրապարակն է, սակայն կլինեն եւս 10 բեմահարթակներ հրապարակի հարակից փողոցներում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մշակութային միջոցառումներում նոր եւ տաղանդավոր դեմքեր է խոստանում: Էդուարդ Աղաջանյանը նաեւ նշել է, թե որքան կարժենա պետբյուջեին Անկախության տոնի կազմակերպումը:

Մշակույթի նախարարն էլ բազմաժանր միջոցառումներ է խոստանում՝ ռոք, ջազ, փոփ, դասական, ազգային ու էլեկտրոնային երաժշտության ուղեկցությամբ: Տոնական օրվա կազմակերպիչները չեն մոռացել նաեւ վարչապետի սիրելի սելֆիի մասին. ծրագրի շրջանակում նույնիսկ հատուկ միջոցառում՝ «Սելֆի ժամ» են նախատեսել: Այդ օրը Հանրապետության հրապարակին հարող մի շարք փողոցներ փակ կլինեն, որոշ հատվածներում էլ կարգելվի մեքենաների կայանումը:

Միջերկրական ծովի երկնքում ռուսական ռազմական օդանավ է անհետացել: Այն Հմեյմիմ ռազմաբազա վերադառնալիս ռադարների էկրաններից կորել է Սիրիայի Լաթաքիա նահանգի օբյեկտների ուղղությամբ իսրայելական F-16 կործանիչների հարձակման ժամանակ: ԻԼ-20 օդանավում 14 զինծառայող է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ բոլորը զոհվել են: Զինծառայողների դիերն արդեն գտել են եւ դուրս բերել ծովից:

ՌԴ պաշտպանության նախարարն իսրայելցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ օդանավի ոչնչացման մեղքն ամբողջությամբ Իսրայելինն է: Սերգեյ Շոյգուն Ավիգդոր Լիբերմանին հիշեցրել է. իսրայելական կողմը պետք է ձեռնպահ մնա Սիրիայի տարածքի վրա հարձակումներից, որոնք սպառնում են ռուս զինծառայողների անվտանգությանը: Միաժամանակ, Մոսկվան հայտարարել է, որ Թել Ավիվի գործողությունները գնահատում է որպես թշնամական եւ իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում:

Օրերս Ստամբուլում կատարված գողության գործով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ ոմն Գեւորգ Ա.: Թուրքական մամուլում տարադրամի փոխանակման կետի կողոպուտը մեծ արձագանք է գտել, քանի որ հանցագործները պրոֆեսիոնալ են գործել. նրանք «գործն» ավարտին են հասցրել ընդամենը 20 վայրկյանում: «Ֆիլմերի պես թալանում» հայաստանցու հանցակիցները Ռուսաստանի քաղաքացիներ են: Խմբին գտել են Բուրսայի թեյարաններից մեկում եւ ձերբակալել: Նրանց հյուրանոցային համարում մեծ քանակությամբ ոսկեղեն եւ գումար են հայտնաբերել:

Սեպտեմբերի 18-ին դոլարը զիջել է դիրքերը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 15լումա, ֆունտինը՝ 635 դրամ:

Սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ ե ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն: