Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որեւէ թեկնածուի հանդեպ իրականացվո՞ւմ է՝ վարչապետ Փաշինյանին հարց ուղղեցին լրագրողները այսօր՝ սեպտեմբերի 18–ին՝ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Վարչապետի զարմանքին՝ լուրջ ե՞ն հարցնում, լրագրողները պատասխանեցին՝ թեկնածուներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանն է ասում։

«Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք  որեւէ թեկնածուի դեմ աշխատանք չի տարվում, վարչապետը պատասխանեց. «Դա ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը, ով ... անհնար է տենց բան, բայց ես կզբաղվեմ, առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն հայտարարում է, որ  օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր: