Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ եւ հակահեղափոխության սպառնալիքով մինչեւ գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հեղափոխություն իրականացնելու համար «Մերժիր Սերժին» կարգախոսը բավական էր, ինչը միավորել էր մարդկանց մեծամասնությանը: Դրանք տարբեր մշակութաբանություն ու շահեր ունեցող մարդիկ էին, որոնք հոգնել էին երկրի համար որեւէ հեռանկար չխոստացող կոռումպացված ու անդեմ իշխանությունից: Համակարգը քանդելուն տարբեր պատճառներով աջակցել են նաեւ այն ժամանակվա իշխանության դժգոհ թեւերը:

Դա գուցե ամենակարեւոր գործոններից մեկն էր:

Նիկոլը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել ու դրսեւորեց անհրաժեշտ վճռականություն ու համառություն: Հիմա իրավիճակ է փոխվել: Քանդելն ավելի հեշտ է, քան սարքելը: Քանդելու շուրջ մարդիկ կարող են միավորվել, կառուցելու համար պետք է ավելի մոտիվացված թիմ: Կառուցելու համար պետք է ճարտարապետական նախագիծ, մասնագիտական թիմ, ժամանակացույց, ռեսուրսներ: Դրանցից ոչ մեկը հիմա չկա եւ չի էլ կանխատեսվում: Եթե չկա, չեն էլ կարող լինել համախոհներ եւ աջակիցներ, այլ կարող են լինել գործող իշխանության հնարավորությունների սպառողներ, ինչին սխալմամբ թիմ են կոչում:

Չկա ոչ մի թիմ, որովհետեւ չկա նպատակ ու ժամանակացույց: Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ եւ հակահեղափոխության սպառնալիքով մինչեւ գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին: Հեղափոխությանը նպաստած շատ շերտեր, հատկապես պարոն Տրամաբանության ու տիկին Սթափության հետ «դու»-ով շփվողները, հիասթափված են, քանի որ որեւէ տեսանելի ու կանխատեսելի հեռանկար չի գծվել: Իսկ մնացած զանգվածը գարնանը սառնարանների պարունակությամբ է վերաբերմունք արտահայտելու (Քոչարյանն էլ է կարող երբեմն ճիշտ միտք արտահայտել):

Սա է իրականությունը, որքան էլ շատերի համար տհաճ լինի այն լսել: Ավելի լավ է այս տեսակետը հիմա լսել, քան գարնանն այն տեսնել»: