Չինարի գյուղի բնակիչ Աղասի Աղասյանի տունը հերքում է այն ասացվածքը, որ արկը, իսկ այս պարագայում  խոշոր տրամաչափի գնդացրի գնդակը, երկու անգամ մի տեղում չի հայտնվում։

 «Ոնց կրակում են, տանն է կպնում»,–կատակում է գյուղացին, որ բախտը չի բերում։ 

Չինարի գյուղը փաստացի շրջապատված է երեք կողմից, եւ հակառակորդն իր գերիշխող դիրքերն օգտագործում է խաղաղ բնակիչներին գնդակոծելու համար։

Աղասին NEWS.am–ի թղթակցին ցույց է տվել վերջին գնդակոծության հետքերը՝ պատից պոկված քարի կտորը։ Հարեւանությամբ նախորդ գնդակոծության հետեւանքներն են։ Շենքի հակառակ կողմում եւս մեկ ձագարափոս. «Եթե այսպես շարունակվի, հաջորդ անգամ մեծ անցք կառաջանա պատին»,–նշում է Աղասին։ 

Աղասիի կնոջ՝ տիկին Սուսաննայի խոսքով՝ վերջին անգամ գնդակները փաստացի անցել են այգում աշխատող որդու՝ Գեւորգի գլխի վերեւով։

Ադրբեջանցի զինվորների մեկ այլ թիրախ է գյուղի մանկապարտեզը։ Բարեբախտաբար, գնդակոծության պահին մանկապարտեզում երեխաներ չեն եղել, քանի որ այնտեղ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ վերանորոգման աշախատանքներ են ընթանում։

Շենքի պատին ակնհայտ են գնդակոծության հետքերը՝ պատերին մխրճված գնդակները։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am