Նախ՝ ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել: «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկրի նախկին ղեկավարի կարգավիճակից պատրաստվում է գործող ղեկավար դառնալ:  

«Ինչպես ասում են, նախագահները չեն հեռանում քաղաքականությունից: Տասը տարի ես բավական պասիվ էի: Իմ տեսակետն արտահայտում էի սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց համաձայն չէի, բայց այլ ակտիվություն չէի ցուցաբերում: Հիմա ես շատ ավելի ակտիվ կարտահայտվեմ», - նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով, նա կներգրավվի քաղաքական գործընթացներին:

 «Ի՞նչ ձեւաչափերով: Դա կարող է կուսակցություն լինել, կարող է շարժում լինել, կարող է ինչ-որ կուսակցության ակտիվ աջակցություն լինել կամ կարող է անձնավորված, ոչ անձնավորված լինել», - ասել է Քոչարյանը` նշելով, որ դեռեւս չի որոշել ձեւաչափը, այդ թվում` այն պատճառով, «թե ինչ է  երկրում տեղի ունենում»:

Հարցին՝ իսկ ինչ է տեղի ունենում, Քոչարյանը նկատել է, թե չի կարծում, որ  Հայաստանում որեւէ մեկը գիտի, թե ինչ է կատարվում:

Խոսելով անցյալ գարնան իրադարձությունների մասին, նա նշել է, որ  իշխանափոխություն տեղի ունեցավ:

 «Կարծում եմ, Փաշինյանը զգաց բողոքի տրամադրությունները եւ ժամանակին այն գլխավորեց, ինչը իշխանափոխության հանգեցրեց: Դա տպավորիչ էր»:

Պատասխանելով հարցին, թե միթե մարդկանց այդքան հոգնեցրել էր նախորդ իշխանությունը, Քոչարյանը նշել է, որ նախորդ իշխանություններից հոգնածություն կար, լճացում կար:

 «Հակառակ դեպքում դժվար թե այդպիսի զանգվածային շարժում լիներ: Բայց գիտեք, իշխանության կարելի է գալ պոպուլիզմով՝ ժամանակակից պատմության մեջ նման օրինակները շատ են: Նման իրավիճակներում հեշտ է գալ իշխանության եւ շատ ավելի դժվար է դրանից հեռանալ: Դու գալիս ես պոպուլիզմի հիման վրա, բայց պետք է հեռանաս արժանապատվորեն եւ իրական արդյունքներով: Չորս ամիսները ցույց տվեցին, որ տարբեր ուղղություններով խնդիրների կուտակում է կատարվում: Եվ դա քաղաքականություն վերադառնալու իմ պատճառներից մեկն է»: