Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտոր Դավիթ Մուրադյանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի դեռ իրավապահ մարմինները վերջնական գնահատական չեն տվել, բացի այդ ռեկտորը պնդում է՝ չկա ուսանողների այն քանակը, որի պահանջն ինքը կկատարի։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ առավոտվանից ԵԹԿՊԻ–ի ուսանողներն  դասադուլ են հայտարարել եւ բողոքի ակցիա են իրականացնում ինստիտուտի շենքի մոտ: Նրանք պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի եւ ղեկավար կազմի հրաժարականը։

Ռեկտորը, սակայն, վերապահումով է մոտենում դասադուլ հասկացությանը. «Քանի՞ հոգի էր ներքեւում դասադուլ անում։ Երեւի 20, 30 կամ 40։ Այս բուհը 800–ի չափ ուսանող ունի, այնպես որ թույլ տվեք վերապահությամբ մոտենալ դասադուլ հասկացությանը»։

Նա շեշտում է՝ երեկ ընդունել է  բուհի ուսանողներին, զրուցել նրանց հետ։

«Եթե դուք նկատել եք՝ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ քննությունը շարունակվում է, ուստի մենք՝ որպես լուրջ մարդիկ, երեւի սպասենք քննության ավարտին, ստանանք վերջնական գնահատականները եւ ըստ այդմ էլ ինքներս եզրակացություն անենք»,–նշեց նա։

Պնդումներին, թե  ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ, սակայն մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար եւ վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 միլիոն 150 հազարդրամ, Դավիթ Մուրադյանը պատասխանեց. «Եթե մեքենան առավոտից իրիկուն բուհի կարիքներն է սպասարկում, վարորդը պիտի աշխատավարձ չստանա՞։ Այդ մեքենան միշտ է ունեցել բուհը, որն աշխատել է բուհի կարիքների համար, օրինակ՝ մեքենան օդանավակայանում մարդ է դիմավորում, գնումների գործընթաց կա, փաստաթղթեր կան նախարարություններ տանելու եւ այլն։ Ես չեմ համարում, որ վարորդն իզուր տեղն աշխատավարձ է ստացել»։

Իսկ պրոռեկտորներից մեկի կնոջ հետ պայմանագիր կնքելու փաստի մասով նա շեշտեց. «Օրենքը չի արգելում որեւէ մեկի կնոջ հետ պայմանագիր կնքել, գուցե բարոյական է հարցը»։

Ապա ռեկտորը հավելեց, որ  վարձակալված մեքենան շահագործել է ոչ թե մեկ, այլ 2 պրոռեկտորները, որոնց տարել են տուն, տնից աշխատանքի։ 

Նշենք, որ ուսանողները պատրաստվում են շարունակել բողոքի ցույցը՝ մինչեւ չկատարվեն իրենց պահանջները։ Մինչ այդ կոչ են անում բուհի ուսանողներին միանալ իրենց։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ. ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության եւ միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։

Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Բացի դրանից, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետեւ ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

ԵԹԿՊԻ ուսանողները դասադուլ են սկսել. Պահանջում են ռեկտորի եւ ղեկավար կազմի հրաժարականը