Սեւանա լճից ջուր վերցնել-չվերցնելու հարցով վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն ամենօրյա ռեժիմով լինում է մարզերում եւ ստուգում Սեւանից բաց թողնվող 40 մլն ջրի օգտագործման պրոցեսը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման  նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ Սեւանից արդեն բաց է թողնվել շուրջ 26,5 մլն խմ ջուր, որի օգտագործման վերաբերյալ ամեն օր զեկուցումներ են ներկայացվում կառավարություն:

«Հանձնաժողովն արդեն բազմաթիվ չարաշահումներ է հայտնաբերել: Խոսքը վերաբերում է թե նախօրոք ներկայացված 2800 հա ջրման կարիք ունեցող տարածքներին եւ իրական պայմանագրերին, թե ջրառի հատվածում ջրօգտագործման կոմիտեի հատվածում գտնվող պատկերներին: Այսինքն այն պահին, երբ ՋՕ-ն ջուրը վերցնում է, այդ հատվածում կարծես ամեն ինչ լավ է, բայց մինչեւ ՋՕ-ի կողմից դրա ստանձնումը, մենք ջրառի հատվածում ունենք ապօրինի ջրային խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողօգտագործողների, համայնքների: Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր չունեցող հողատարածքներ, եւ գյուղացիներն ասում են՝ այո, մենք դրա համար վճարում ենք, բայց վճարում ենք ավելի ցածր սակագին եւ մեզ ձեռնտու է այդքան վճարել: Այսինքն ունենք պաշտոնյաներ, որոնք քաջ իմանալով սրա մասին, շարունակում են չվերահսկել ջրային  պաշարները եւ Սեւանը շատերի համար շարունակում է հանդիսանալ անսպառ ջրային պաշար, որից կարելի է մշտապես օգտվել ու գումարներ գերենացնել, որոնք չեն մտնում բյուջե»,-հայտարարեց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարի որոշվել է Սեւանից լրացուցիչ 40 մլն խմ ջուր վերցնել: Այսինքն սահմանված առավելագույն 170 մլն խմ-ից բացի այս տարի Սեւանից կվերցվի լրացուցիչ 40 մլն խմ ջուր: Համեմատության համար նշենք, որ 2017-ին Սեւանից լրացուցիչ ջրառը կազմել է 100 մլն խմ: