Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամենամյա նիստի ընթացքում  անդամ-երկրների դատախազությունները կփոխանակեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձը, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության աշխատանքների ընդհանուր վիճակին, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկային:

Նախատեսված է համակողմանի քննարկման առարկա դարձնել ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ դրսեւորումների, թմրանյութերի եւ հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առեւտրի, անօրինական միգրացիայի, կիբերհանցագործությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունավետությունը, առկա մարտահրավերներն ու դրանց հակազդման համատեղ նոր միջոցառումների ձեռարկման հեռանկարները:

Օրակարգային հարցերից են նաեւ անդամ երկրների տարածքներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը եւ այս ոլորտում համագործակցության խորացման մոտեցումները, ինչպես նաեւ, նախորդ տարիների համատեղ գործունեության արդյունքների գնահատմամբ, ի թիվս այլ փաստաթղթերի, 2019-2023թթ. Կոորդիանացիոն խորհրդի աշխատանքների պլանի հաստատումը եւ մի քանի այլ հարցեր: