Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը, անդրադառնալով նրան, որ ԲՀԿ–ն հայտարարում է, որ  օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաեւ նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր:

Այս առնչությամբ, ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.

«Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին թեկնածուների հասցեին սոցիալական կայքերում հրապարակվող վիրավորական եւ զրպարտչական բնույթի մեկնաբանությունների ու հայտարարությունների վերաբերյալ թեկնածուներից մեկի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը անմիջապես հանձնարարական է տվել ոստիկանությանը պարզել նման երեւույթների առկայության փաստն ու հանգամանքները։

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումն իրավապահ մարմիններին զրկել է քրեաիրավական ներգործության միջոցներով մարդկանց պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը տեղեկատվական ոտնձգություններից պաշտպանելու հնարավորությունից: Սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ պատճառված ոչ նյութական վնասի համար իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վերապահված է մասնավոր անձին, ինչը կարող է իրականացվել դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու եղանակով:

Տեղեկատվական հարձակումներից տուժած քաղաքացիների կողմից ոստիկանության հասցեին հաճախ են հնչեցվում քննադատություններ, անգործության մեջ մեղադրանքներ: Պարզաբանում ենք, որ ոստիկանությունը որպես քրեական հետապնդման մարմին, իր լիազորությունները կարող է լիարժեք իրականացնել միայն այն դեպքերում, երբ տեղեկությունների հրապարակումը կամ տարածումը իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Օրինակ՝ հրապարակումը իրենից ներկայացնում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել, կամ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ են համացանցում տարածվել եւ այլն:

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ ավագանու թեկնածուներից որեւէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառանալիքներ են տարածվել: Նման եզրահանգման ոստիկանությունը եկել է սեփական նախաձեռնությամբ՝ ավագանու թեկնածուների վերաբերյալ հրապարակված մեկնաբանությունները գնահատելով:

Հիշեցնում ենք, որ առանձին օգտատերերի կողմից սոցկայքերի իրենց անձնական էջերում տարածված՝ սուբյեկտիվ գնահատմամբ հանցագործության մասին հաղորդումները չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Քրեական հետապնդման մարմինները պարտավորություն չունեն բոլոր այդ հրապարակումներին սեփական նախաձեռնությամբ իրավական գնահատական տալու, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսադաշտում կհայտնվեն առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներ: Քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ եթե հրապարակումը տարածում չի գտել զանգվածային լրատվության միջոցներում, այդ թվում՝ էլեկտրոնային, ապա սեփական իրավունքների քրեաիրավական պաշտպանության համար արդյունավետ միջոց է հանդիսանում իրավապահ մարմնին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, որը հնարավոր է ինչպես ոստիկանությանը դիմում հասցեագրելով, անձամբ ներկայացնելով, այնպես էլ [email protected] եւ [email protected] հասցեներին էլեկտրոնային նամակ ուղարկելով (մանրամասները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ):

Ոստիկանությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ եւ ցանկացած քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ օրինական շահերը պաշտպանելու է անկախ քաղաքացու քաղաքական կամ այլ հայացքներից:

Խնդրում ենք միայն օրենքով ձեզ վերապահված հնարավորություններից օգտվել գրագետ եւ ժամանակին, ինչն արդյունավետ իրավական պաշտպանության առանցքային երաշխիքներից է»:

Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ. Փաշինյանը՝ Զոհրաբյանին