ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ:

Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել եւ հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով:

Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի պատասխան Արմեն Մինասյանը նշել է, որ համատեղ նախագծերի մշակումը հնարավոր է Հայաստան-Իրան միջկառավարական եւ մասնավոր ծրագրերի շրջանակներում՝ հայկական ընկերությունների հետ համատեղության կարգով:

Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը, որն ուսումնասիրելու եւ արդյունավետ համարվելու դեպքում հնարավոր է կիրառել նաեւ Հայաստանում:

Քննարկվել է նաեւ ոլորտում իրանական կողմի մասնավոր ներդրումային պատրաստակամությունը՝ Քաղաքաշինության կոմիտեի մշակած ռազմավարության շրջանակներում:

Խոսվել է շինարարության տարբեր ոլորտներում իրանական ստանդարտ եւ արտոնագրված արտադրությունների ինֆորմացիայի բազայի ստեղծման մասին՝ Հայաստանում ոլորտի մասնագետներին իրազեկելու նպատակով: