Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Ելք» դաշինքով:

«Կան ուժեր, որոնց հետ, իմ կարծիքով, կարող ենք համագործակցել։ Ես չեմ բացառում նույնիսկ, որ ընտրություններին «Ելք» դաշինքով կմասնակցենք, ես անձամբ դա չեմ բացառում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի եւ «Ելք»-ի մյուս երկու ուժերի միջեւ ստեղծված լարվածությանը՝ Հովիկ Աղազարյանը նշեց, որ նախընտրական շրջանում նորմալ է, որ որոշ անհատների նյարդեր տեղի են տալիս։ Հարցին՝ հնարավո՞ր է Փաշինյանի այն հայտարարությունը, որ կան ուժեր, որոնք թաքուն համագործակցում են ՀՀԿ-ի, վերաբերի «Լույս» դաշինքին, Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում, ԶԼՄ-ներում արտահայտություն եղավ, որ ՀՀԿ-ն սատարելու է իրենց խորհրդի նախկին անդամին, իսկ դա, ինչքան ես գիտեմ, Արտակ Զեյնալյանն է: Սակայն դրան որեւէ պատասխան չեղավ: Ով այդ գործընթացի մեջ չէ, թող իր վրա չվերցնի ու չարձագանքի: Հնարավոր է, որ «Լույս»-ին վերաբերի, որովհետեւ, նորից եմ ասում, երբ լուրեր տարածվեցին, որ Արտակ Զեյնալյանին են սատարելու, որեւէ հակադարձում չեղավ, հնարավոր է՝ իրենք էլ լինեն»։