Մեծ Բրիտանիան պետք է վերջնական տեսքի բերի Հյուսիսային Իռլանդիային եւ բրեկզիտի հետ կապված համաձայնագրերի շրջանակում առեւտրին վերաբերող իր առաջարկությունները։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Բրիտանիայի վարչապետի կողմից ԵՄ-ի մյուս ղեկավարներին բրեկզիտին վերաբերող իր ծրագիրը ներկայացնելուց մի քանի ժամ առաջ Տուսկը կրկին քննադատել է Հյուսիսային Իռլանդիայի սահմանի մաքսային գործարքներին վերաբերող նրա առաջարկությունները։ Տուսկի կարծիքով՝ Մեյի առաջարությունները պետք է վերջնական տեսքի բերվեն։

Ըստ Տուսկի՝ այժմ, երբ բրեկզիտը թեւակոխում է որոշիչ փուլ, տարբեր սցենարներ են հնարավոր, եւ Մեյի առաջարկություններից շատերն ընդունելի են եւ ցույց են տալիս Բրիտանիայի մոտեցման դրական զարգացումները, սակայն «այլ հարցերում, ինչպիսիք են իռլանդական հարցը, կամ տնտեսական համագործակցության կառուցվածքը, Միացյալ Թագավորության առաջարկությունները պետք է վերջնական տեսքի բերվեն»։

Նա նաեւ առաջարկել է նոյեմբերի կեսին բրեկզիտի հարցով լրացուցիչ գագաթաժողով անցկացնել՝ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության գալու համար։