«Լույս» դաշինքը միավորող երկու ուժերը որտեղ պատասխանատվություն են ստանձնել, այն կատարել են անբիծ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին Շենգավիթում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այս օրերին սոցցանցերն ու մամուլը ողողված են տեղեկատվական աղբով՝ սուտ, ճիշտ, կիսասուտ լուրերով։ Այնպիսի բաներ եմ լսում մեր դաշինքի մասին, որ մտածում եմ՝ կարո՞ղ է մենք մի 10-15 տարի իշխանության մեջ ենք եղել, կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակի մեջ է եղել, ուղղակի աբսուրդ է»,-հայտարարեց նա՝ նշելով, որ «Լույս»-ի ավագանու անդամներն անբիծ կենսագրություն ունեն։

«Մենք որտեղ եղել ենք, փոփոխություն ենք արել, մենք անձնվիրաբար պաշտպանել ենք ՀՀ քաղաքացու շահերը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ երբ ՌԴ-ում ոտնահարում էին հայ վարորդների իրավունքները, իրենք էին Պետդումայում այդ մասին բարձրաձայնել։

Խոսելով «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի կենսագրությունից՝ Մարուքյանն ասաց. «Զեյնալյանի ուսանողական ընկերները գիտեն, թե նա ինչպես է սովորել։ Միացյալ Նահանգներում Զեյնալյանը 5-երով է սովորել, կարգապահ է եղել։ Գնացել է պատերազմ, այնտեղ էլ է կարգապահ ու նվիրված եղել, հետո եկել, շարունակել է իր գործը, որպես բժիշկ, ապա նաև իրավապաշտպան»։

Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքը միավորում է «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները: «Լույս» դաշինքն ընտրություններում առաջադրել է ավագանու 111 թեկնածու: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին: