Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին հատուկ հռետորաբանություն է օգտագործում, արդեն իրավական հարթությունում գործընթացները մեկ այլ բան են։  Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր՝ սեպտեմբերի 19–ին, Մալաթիա–Սեբաստիայում քարոզարշավին արած հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրություններում։

«Լայն առումով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրույթը ամրագրված է կառավարության ծրագրում, մեր քաղաքական ուժը կողմ է քվեարկել այդ ծրագրին եւ մասնակցում է կառավարության գործունեությանը։ Դա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին մենք դեմ չենք։

Բայց, կառավարության ծրագրի դրույթը մի բան է, քաղաքական ուժերի կոնսենսուսը մեկ այլ բան։ Կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների անցկացման, ձեւի, ժամկետի եւ մնացած բոլորի ամբողջությունը ճիշտ կլինի, որ քաղաքական կոնսենսուսով լինի»,–ասաց Միքայել Մելքումյանը։

Նա նկատեց, որ թավշյա հեղափոխությունից  անմիջապես հետո Խորհրդարանի ներսում ուժերի հարաբերակցությունը եւ դրսում տրամադրությունները տարբեր էին, բայց թե ո՛ր պահին ո՛նց պետք է իրացվի դա, արդեն շատ կոնկրետ, այլ բան. «Չէ որ պետք է դեռ ընտրական օրենսգիրք ընդունվի, հետո ողջամիտ ժամանակահատված անցնի, որ քաղաքական ուժերը պատրաստվեն»։

Հիշեցնեմ, Մալաթիա–Սեբաստիայում՝ քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է. «Խորհրդարանական այն ուժերը, որոնք սկսել են ձեւ բռնել, ասել՝ իբր ինձ չեն աջակցի... բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը ես չեմ կայացրել, ժողովուրդն է կայացրել։ Ով այս որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն Հայաստանում»։