Հայաստանից դեպի Հոլանդիա 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատարը Թուրքիայի Քոջաէլի քաղաքում թալանվել է։

Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Քոջաելի քաղաքում ոստիկանի հագուստ հագած հանցագործները կանգնեցրել են Հայաստանից Հոլանդիա մոլիբդեն տեղափոխող բեռնատար մեքենան, վարորդին գցել գետին ու ձեռքերը կապել, որից հետո թալանել են բեռնատարը՝ պատճառելով միլիոնավոր դոլարների վնաս։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները ուսումնասիրել են հարեւանությամբ գտնվող տեսախցիկները եւ հատուկ գործողությամբ ձերբակալել կասկածյալներին։

Թուրքական ոստիկանության տրամադրած տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները ներխուժում կասկածյալների բնակարաններ ու նրանց գետին պառկեցնելով՝ ձերբակալում։

Պարզվել է, որ թալանը կազմակերպել են հանցավոր բանդայի անդամներ, որոնց մի մասը եղել են Վրաստանի քաղաքացիներ։

Հանցախումբը հասցրել էր մոլիբդենը 3 տարբեր տեղերում վաճառել՝ ստանալով 3 մլն դոլար։