ԱՄՆ Ռազմաօդային ուժերը «ծանր դրության» մեջ են հայտնվել ոլորտի գերբեռնվածության եւ պատրաստված կադրերի պակասի պատճառով, հայտնում է The National Interest-ը՝ վկայակոչելով RAND կենտրոնի եւ երկրի Հաշվիչ պալատի հետազոտությունը:

Պարբերականի տեղեկություններով՝ հետազոտության արդյունքները ԱՄՆ ռազմական ավիացիայի ոլորտում «մռայլ պատկեր» են ներկայացնում:

Նշվում է, որ գերատեսչություններն անցկացրել են ապագա հնարավոր հակամարտությունների վերլուծություն, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ: Արդյունքներից հետեւում է, որ տարածաշրջանային երկարատեւ հակամարտությունների դեպքում ԱՄՆ հաջող օդային հարձակումները եւ ավիահարվածները կկազմեն համապատասխանաբար՝ 62 եւ 65 տոկոս:

Դրանից զատ, պորտալը շեշտում է, որ խաղաղության պարտադրման գործողությունների սցենարներում ԱՄՆ ՌՕՈՒ-ն կարող է ապահովել հետախուզության եւ տեղազննման ոլորտի պահանջների միայն 29 տոկոսը, ինչպես նաեւ հատուկ նշանակության առաքելությունների 40 տոկոսը եւ ավիահարվածներ հասցնելու 46 տոկոսը: