Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին բաց նամակով դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, այս քայլին նա դիմել է, քանի որ դատախազությունը չէր պատասխանել նրա փաստաբան Էլչին Սադիխովի միջոցով ուղարկված գրավոր դիմումին:

Նամակում նշվում է, որ 2016-ի մարտին գրողին օդանավակայանում առանց որեւէ պատճառի թույլ չէին տվել մեկնել Վենետիկ Միջազգային գրական համաժողովին:

Այլիսլիի դեմ քրեական գործ էր հարուցվել եւ ուղարկվել դատախազություն: Գրողը նշում է, որ այդ օրվանից երկու տարի է անցել, երբ նա  զրկվել է երկրից հեռանալու իրավունքից: Նույնիսկ երկրում նա ազատ տեղաշարժվելու իրավունք չունի: Անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է դատախազությունում, եւ նա բախվում է մի շարք կենցաղային խնդիրների հետ:

«Ես 81 տարեկան եմ: Այս տարիքում, ցավոք, շատ քչերը կարող են պարծենալ իրենց առողջությամբ: Երկար տարիներ ես տառապում եմ սուր քրոնիկ բրոնխիտով, սրտի եւ լյարդի անբավարարությունից: Երկրից դուրս գալու արգելքն ինձ թույլ չի տալիս բուժման համար որեւէ երկրի մեկնել, հատկապես ամռան ամիսներին, երբ հիվանդությունները սրվում են», - գրում է Այլիսլին:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ գրողին դուրս չէին թողել երկրից, ավելին ՝ միջադեպ էր տեղի ունեցել եւ այդ ժամանակ 78-ամյա Այլիսլիին մեղադրել էին ոստիկանի վրա հարձակման մեջ: Այլիսլին մեղադրանքների հետ չէր համաձայնել: Նա պնդում է , որ չի կռվել ոչ մեկի հետ եւ չի ծեծել: Նա կարծում է, որ իրեն հետապնդում են գրական գործունեության պատճառով:

Գրողի հանդեպ հետպանդումները մեկ տարուց ավելի են տեղի ունենում եւ սկսվել են «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո, որտեղ գրողը համարձակվել էր դրական արատահայտվել հայերի մասին: «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում հրապարակվելուց հետո Այլիսլին հետապնդումների է ենթարկվել, նրան զրկել են կոչումներից եւ անգամ սպառնացել են «ականջները կտրել»: