Մենք աջակցում ենք գործող իշխանությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ջանքերին: Սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները չանցկացվեն, ապա Հայաստանում քաղաքական եւ օրենսդրական ճգնաժամը կշարունակվի: «Սա հաշվի առնելով՝ ընտրությունները պետք է անցկացվեն՝ անկախ այն բանից, թե դրան որքանով են պատրաստ քաղաքական ուժերը»,- հայտարարեց նա՝ նշելով սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը:

Մարտիրոսյանը, միաժամանակ, չհապաղեց նշել այն վտանգները, որոնք կրում է միակուսակցական համակարգը: «Մենք բոլորս հիշում ենք, թե 1991 թվականին ժողովուրդն ինչ ոգեւորությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին Հայաստանի նախագահ ընտրեց, եւ դա ինչով ավարտվեց: Հիշում ենք, որ 1988 թվականի ազգային շարժման ալիքի վրա ստեղծվեց Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), եւ հիշում ենք, թե դա ինչպիսի բացասական հետեւանքների բերեց»,- նշեց քաղաքական գործիչը՝ հույս հայտնելով, որ այս անգամ հնարավոր կլինի խուսափել իրադարձությունների նման զարգացումից: «Մեր երկիրը միասնության կարիք ունի: Միասնական հեղափոխական ուժերի հարցը քաղաքական օբյեկտիվ պահանջ է»,- շեշտեց նա: