Երեւանում մայիսի 3–ին HSBC բանկի մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակում գործելու եւ երկու անձի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, գործով մեղադրյալ է ներգրավվել ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դանիելյանը մտադրվել է HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել 500 հազար դոլար։ Այսպես, մայիսի 3-ին ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված գործարանային արտադրության 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված եւ իրեն պատկանող իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» եւ «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող «УЗРГМ-2» տեսակի գործարանային արտադրության պայթուցիչով համալրված էլիպսաձեւ նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակով, նա ապօրինի մուտք է գործել մասնաճյուղ։ Դանիելյանը, կարաբինից մեկ անգամ կրակոց արձակելով օդում՝ առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար դոլար։ Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը, նա կարաբինից մեկ անգամ կրակել է Խաչատուր Գալստյանի վրա եւ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը, Դանիել Դանիելյանը մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները: Արամ Մկրտչյանը զենքի սպառնալիքի ներքո Դանիել Դանիելյանին ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Արամ Մկրտչյանից կրկին պահանջել է իրեն հանձնել գումարները, սակայն, մետաղյա պահարանի գաղտնաբառը չստանալով, նույն շարժառիթներով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Արամ Մկրտչյանի վրա: Վերջինիս ակտիվ դիմադրության՝ կրակելու պահին զենքի փողը դեպի ներքեւ հրելու արդյունքում կրակոցը կատարվել է հատակին, կարաբինը նույնպես ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի վրա։ Վերջինիս հաջողվել է թաքնվել հարեւանությամբ գտնվող պատի հետեւում։

Այդ պահին դրամարկղային բաժին եկած մասնաճյուղի գործառությունների համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել եւ Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը։

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պոլիէթիլենային տոպրակը, դուրս է եկել մասնաճյուղից եւ դիմել փախուստի՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոցի ուղղությամբ:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դ. Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ եւ նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնում մահացել է: Ոստիկանության մյուս ծառայողները, հետապնդելով Դ. Դանիելյանին, վնասազերծել են նրան եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Այս գործը քննվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործը մակագրվել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։