«Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կանխատեսում է ավագանու ընտրություններում իրադարձությունների անսպասելի զարգացում: «Այն պարագայում, որ ընտրողները գիտակցված ընտրություն են կատարելու, ընտրությունների արդյունքները ոմանց համար անակնկալ կլինեն»,- ասաց նա սեպտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում:

Քաղաքական գործիչը հույս հայտնեց, որ Երեւանի ավագանի կանցնեն մի քանի քաղաքական ուժեր: «Եթե մենք ցանկանում ենք տեղի ունեցած հեղափոխությունն ընդհանրացնել, ապա ավագանիում պետք է ունենանք գոնե 2-3 ուժեր, որոնք միմյանց հետ կհամագործակցեն»,- նշեց Հովհաննիսյանը:

Ընդ որում, խոսելով նախընտրական արշավի լարվածության մասին՝ նա հիշեցրեց, որ խոսքը ավագանու ընտրությունների մասին է, այլ ոչ գործող վարչապետի եւ նախկին նախագահի միջեւ պայքարի: «Բովանդակային հավասար ընտրությունների մասին հնարավոր կլինի խոսել 4-5 տարի հետո, երբ Հայաստանում քաղաքական իրավիճակը կկայունանա»,- հավելեց քաղաքական գործիչը: