Եվրասիական տնտեսական միությունում դեռեւս որոշակի խոչընդոտներ գոյություն ունեն Հայաստանից աշխատուժի ազատ տեղաշարժման համար: Այս մասին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի մասնակիցներին հղած ուղերձում, որը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին Երեւանում: Ուղերձն ընթերցել է փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Միգրացիոն քաղաքականության պետական կարգավորման ռազմավարության փաստաթուղթը եւ այն իրականացնելու 2017-2021 թվականների գործողությունների ծրագիրը, որ ընդունվել էր 2017 թվականին, ուղղված է այս խնդիրների կատարմանը, եւ կարելի է արձանագրել, որ երկիրը որոշակի հաջողությամբ հաղթահարում է դրված խնդիրների լուծումը:

«Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային համագործակցությանը հատկապես ԱՊՀ-ի շրջանակում՝ գործընկերությունը զարգացնելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով»,-  իր ուղերձում հավաստիացրել է նախարարը:

Նա նշել է, որ Հայաստանը աշխատուժի դոնոր է, եւ երկրից միգրացիոն հոսքը հիմնականում ՌԴ է ուղղված. հետազոտությունների համաձայն՝ Հայաստանից 95 տոկոս սեզոնային եւ 75 տոկոս  երկարաժամկետ աշխատանքային միգրանտները Ռուսաստան են մեկնում: «ԵՏՄ-ին անդամակցելով՝ մեզ համար նոր հեռանկարներ են բացվել ինտեգրացիոն գործընթացների խորացման առումով: Միության հետ պայմանագիրը տարածաշրջանում միգրացիոն գործընթացներին նոր խթան է հաղորդել, քանի որ Հայաստանից աշխատանքային միգրանտների համար երրորդ երկրների քաղաքացիների համեմատությամբ ավելի ազատական ռեժիմ է ստեղծվել, որը վերջնարդյունքում պայմանավորված է ԵՏՄ 4 անկյունաքարային սյուներից մեկով՝ աշխատուժի ազատ տեղաշարժ»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս պայմանագրի դրույթի իրականացման համար Հայաստանում ստեղծվել են ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների աշխատանքային գործունեությանը նպաստող կարգավորման բոլոր մեխանիզմները: Սակայն չնայած դրան, ԵՏՄ-ում դեռեւս գոյություն ունեն Հայաստանից աշխատուժի ազատ տեղաշարժման որոշակի խոչընդոտներ: Այս հարցերի քննարկումը եւ դրանցով ընդունելի որոշումների կայացումը Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի իրավասությունն է, եւ վստահ եմ, որ Կոմիտեի 6-րդ նիստում ընդունված որոշումները կնպաստեն գոյություն ունեցող խնդիրների լուծմանը»,- եզրափակել է նախարարը:

Փոխնախարար Վաչե Տերտերյանն իր կողմից նշել է, որ հիմնական խնդիրները, որոնց բախվում են ԵՏՄ անդամ երկրներից աշխատանքային միգրանտները, կապված են Աշխատանքային օրենսգրքերի տարընթերցումների, իրավական պաշտպանության անբավարար մակարդակի հետ: «Մենք ԵՏՄ շրջանակում գնում ենք աշխատանքային օրենսդրության փուլային համապատասխանեցմանը, որպեսզի աշխատանքային միգրանտները իրենց հարմարավետ զգան ԵՏՄ անդամ բոլոր երկրներում, բնականաբար՝ փոխադարձության սկզբունքին համապատասխան»,- ընդհանրացրել է Տերտերյանը: