Խաղատների ու շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ պետք է հեռարձակվի ոչ թե երեկոյան ժամը 22-ից, այլ կեսգիշերից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստում այդ ոլորտը կարգավորող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ փաթեթի հետ կապված կառավարությունն ունի իր առաջարկները:

Մասնավորապես, «Գովազդի մասին» օրենքով առաջարկվում է սահմանափակել եւ կանոնակարգել, թե ինչ ժամանակահատվածում եւ տեւողությամբ գովազդ կարելի է իրականացնել հեռուստահաղորդումների ժամանակ: Առաջարկվում է՝ նշագրում լինի, որ 21 տարեկանից բարձր տարիքի համար է նախատեսված գովազդը: Առաջարկվում է ռեզիդենտ չհանդիսացողների համար սահմանափակել գովազդը եւ պատասխանատվություն կիրառել 1 մլն դրամ՝ այդ կարգավորումները չպահպանելու դեպքում կազմակերպչի համար:

«Թղթախաղը գնահատվում է որպես խաղի տեսակ, իսկ առաջարկվող նախագծով նախատեսվում է, որ դա սպորտի տեսակ է, ինչպիսիք են նադին, թենիսը: Այստեղ ռիսկեր կան, որովհետեւ գործնականում շատ բարդ է լինելու գնահատել, թե տվյալ դեպքում այդ թղթախաղը հանրային նշանակության վայրում համարվելու է թղթախաղի կազմակերպում, թե ոչ»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ նախագծով նախատեսվում է, որ հիշյալ տիպի գովազդը հեռուստատեսությամբ կարող է լինել ժամը 22.00-ից մինչեւ 06.00-ը, մինչեւ 4 րոպե տեւողությամբ, մեկ ժամվա ընթացքում մինչեւ 3 անգամ, իսկ ընդհանուր տեւողությունը չի կարող 90 վայրկյանից ավելի լինել. «Սա մեծ չափաքանակ չէ՞, կամ միգուցե առաջարկենք, որ ժամերը փոխեն, որովհետեւ ենթադրենք պարտադիր չէ, որ 15 տարեկան երեխան ժամը 22.00-ն քնած լինի: Էլ չեմ ասում, որ եթե նոր իրողությունները հաշվի առնենք, ժամը 1-2-ին նոր քնում են: Մենք պետք է սահմանափակումներն ավելի խստացնենք, որ կարողանանք խնդիրը լուծել»,-ասաց Փաշինյանը՝ առաջարկելով, որ 22.00-ն դարձնել 24.00:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին նշեց, որ այս ոլորտի առնչությամբ իրենք ուսումնասիրություն են իրականացրել եւ առաջարկներ ներկայացրել պատկան մարմիններին: «Մենք նախատեսել էինք հետեւյալ պայմանները, որ արգելվի որեւէ կերպ դիմել անչափահասներին, տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելը ապահովում է պարբերաբար եկամուտ ստանալու հանարավորություն, կամ աշխատանքի այլընտրանք է, տպավորություն ստեղծել, թե եկամուտ կամ շահույթ ստանալը երաշխավորված է, ներշնչել, թե խաղի միջոցով հնարավոր է հանսել հասարակական, մասնագիտական հաջողության»:

Ի վերջո, կառավարությունը հավանություն տվեց իր կողմից ներկայացված առաջարկներին: