Արձագանքի լինել–չլինելը չի նշանակում, որ ՀՀ–ն ՀԱՊԿ–ում իր գործառույթը չի իրականացնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱՊԿ–ի կողմից արձագանքի բացակայությունը վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին տեղ գտած լարվածությանը։

«ՀԱՊԿ–ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը։ Արձագանքի լինել–չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում։ Մենք այս կազմակերպության շրջանակներում ի հայտ ենք բերում բոլոր զարգացումները, որոնք կանոնադրական առումով նշանակություն ունեն...Մենք համբերատար աշխատում ենք մեր գործընկերների հետ»,–նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը անընդհատ գնդակոծում է հայ–ադրբեջանական սահմանը։

Երեկ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել։