ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը զրկվի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին առաջադրելու հնարավորությունից, նա նույն պատասխանը տվեց. «Կոնսուլտացիաները շարունակվում են»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: Ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է եւ իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները: