Մոսկվայի իրավապահները բռնել են Ալեքսանդր Սոլժենիցինի տուն-թանգարանի տնօրենին ալմաստի հանքավայրեր գնելու պատրվակով խաբած խարդախին: Խաբեբայի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր. քննության վարկածով՝ նա գործում էր ոչ միայն արդյունաբերական, այլեւ ամուսնական եւ ավտոմոբիլային խադախումների ոլորտում:

Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, այս տարվա ապրիլին խաբեբան թանգարանի տնօրենին համոզել է 12 մլն ռուբլի ներդնել ալմաստի հանքավայրերում: Նա մշակույթի ոլորտի աշխատակցին ցույց է տվել հանքավայրերի լուսանկարները եւ նույնիսկ փաստաթղթեր: Իրականում «հանքավայրերը» մետրը մետրի վրա չափերով փոսեր էին հեռավոր անդրծովյան երկրներում՝ Պանամայում եւ Սենեգալում: Խարդախը, սակայն, հողը գնել էր եւ ձեւակերպել իբրեւ օգտակար հանածոների արդյունահանման հանքահոր: Բնականաբար, այնտեղ ալմաստի ոչ մի արդյունահանում չէր իրականացվում: Ոստիկաններին զարմացրել է Միռի պողոտայի վրա գնտնվող խաբեբայի բնակարանի տեխնիկական հագեցվածությունը: Նույնիսկ ննջասենյակում տեսախցիկ էր տեղադրված (էլ չասած մուտքի դռների եւ նախասրահի մասին):

Շուտով պարզվել է, որ ձերբակալվածն իր կյանքի համար վախենալու բոլոր հիմքերն ուներ: Տղամարդը 11 անգամ անձնագիրը փոխել է անունը կամ ազգանունը փոխելու պատճառով: Վերջին փաստաթղթով նրա անունը Էդգար է: Խաբեություն էր առկա ոչ միայն փաստաթղթերում, այլեւ խարդախի կյանքում: Նա երկու անգամ գայթակղել է հարուստ հայ օլիգարխների դուստրերին (ստահակն ինքն էլ ծագումով հայ է): Նա գեղեցկուհիներին ներկայացել է դատախազության աշխատակից, կարճ ծանոթությունից հետո նրանց է առաջարկել իր սիրտն ու ձեռքը: Հարսնացուներն ամեն առավոտ արդուկել են նրա համազգեստը եւ աշխատանքի ճանապարհել: Փեսացուն տանից դուրս էր գալիս մոտ ժամը 8-ին, նստում սեւ «Տոյոտա Քեմրին» եւ իբր ծառայության գնում: Բնականաբար, եւ ոչ մի դատախազությունում այդպիսի աշխատակցի մասին տեղեկություն չկար: Իսկ հարսանյաց բանկետից կարճ ժամանակ անց (ամուսնությունը պաշտոնապես չէր գրանցվում) լովելասը գողանում էր նորապսակներին նվիրած փողն ու անհետանում: Դեպքերից մեկի ժամանակ հափշտակված գումարի չափը կազմել է մոտ 300 հազար եվրո:

Խարդախի դեմ 3 քրեական գործ է հարուցվել, հաստատվել է խարդախության եւս 5 փաստ՝ կապված ավտոմեքենաների հետ: