Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ցիկլն ավարտած ստարտափների ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջեւ։  Demo Day միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողներ, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ,  ստարտափներ, Beeline Ինկուբատորի մենթորները, ինչպես նաեւ Beeline-ի աշխատակիցները։

Միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրեցին իրենց մշակած հավելվածները, ստարտափների դեմո տարբերակները, թրեյլերները եւ այլն։ Յուրաքանչյուր ստարտափ ուներ նաեւ իր «անկյունը», որտեղ ցանկացողները կարող էին լրացուցիչ տեղեկություններ ստանալ նրանց մասին եւ կոնտակտային տվյալներով փոխանակվել։

«Այսօրվա միջոցառումը շատ պատասխանատու է ոչ միայն մեր ստարտափների, այլեւ Ինկուբատորի համար, քանի որ ցույց է տալու նախորդ չորս ամիսների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները։ Այս թիմերը մեզ մոտ եկան դեռ գաղափարների փուլում, իսկ այսօր արդեն լիարժեք կայացած ստարտափներ են ու պատրաստ են ներկայանալ ներդրողներին։ Հենց սա էր մեր նպատակը, եւ մենք դա իրականացրեցինք։ Բայց մենք ունենք եւս մի նվեր՝ մեր երեք ընտրված ստարտափները կկարողանան եւս չորս ամիս օգտվել Ինկուբատորի տարածքից եւ այցելել դասընթացները»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից եւ փորձագետների խորհրդատվությունից։