ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն այսօր հանդիպել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի եւ հանձնակատարի խորհրդական Անդրեյ Մանցեւիչիի հետ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների եւ կանանց իրավունքների, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ հասարակության որոշ խոցելի խմբերի՝ օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, մինչեւ 2022 թվականը ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության անցման, ներառական կրթության զարգացման ռազմավարության մշակման, մանկավարժահոգեբանական կենտրոնների կարեւորության, ինչպես նաեւ ուսուցիչների վերապատրաստման եւ կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հարցերին: Նշվել է նաեւ, որ աշխատանքներ են ընթանում ՀՀ բոլոր մարզերում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ:

ԵԽ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ: