Ֆրանսիայի Վերաքննիչ դատարանը Ադրբեջանի հայցը վարույթ չի ընդունել, որով զրպարտության մեջ էին մեղադրվում ֆրանսիացի 2 լրագրողներ Էլիզ Լյուսեն եւ Լորան Ռիշարը: Այս մասին հայտնում է Հայ դատի եվրոպական գրասենյակը:

Նշենք, որ ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրված իրենց՝ «Cash Investigation» ծրագրում լրագրողները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմն անվանել էին «բռնակալի» ղեկավարությամբ «դիկտատուրա»:

Դատարանը որոշել է, որ Ադրբեջանը, որպես արտասահմանյան պետություն, չի կարող հայց ներկայացնել՝ 1881 թվականին ընդունված մամուլի ազատության մասին օրենքի համաձայն, հայտնում է Le Monde-ը:

Ինքը՝ Էլիզ Լյուսեն նույնպես մեկնաբանել է դատարանի որոշումը՝ իր միկրոբլոգում նշելով, որ Ադրբեջանը պարտվել է «Cash Investigation»-ին եւ հաղթել է խոսքի ազատությունը: