Ես չեմ ծրագրում մասնակցել քաղաքապետի բոլոր թեկնածուների մասնակցությամբ առաջարկվող բանավեճերին: Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ մեծ հարգանք ունի բոլոր հավակնորդների հանդեպ, սակայն պատրաստ է բանավեճի մասնակցել միայն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի հետ, քանի որ Մարությանը միակ թեկնածուն է, որը հայտարարել է, որ «իրենց դեմ խաղ չկա», որ, իբր, «մենք սպիտակներն ենք, իսկ մնացյալ բոլորը՝ սեւերը», նրա քաղաքական թիմը միակն է, որն ասում է. «կգանք, բոլորին կփոշիացնենք»: «Սրանից ելնելով՝ բանավեճի իմ օրակարգը վերաբերում է բացառապես «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուին»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրային հեռուստատեսության առաջարկին՝ Երեւանի քաղաքապետի մյուս թեկնածուների հետ մասնակցել «Խաղի կանոնները» քաղաքական թոք-շոուին, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ դա անհեթեթություն է, քանի որ այս նախընտրական բանավեճերը ձայնագրությամբ են հեռարձակվելու: Սա, նրա գնահատմամբ, յուրաքանչյուր թեկնածուի համար վիրավորական է: «Ես հեռուսատաբանավեճեր ասելով ուղիղ եթեր եմ հասկանում, ձայնագրված բանավեճերը մեզ ուղղված վիրավորանք եմ համարում: Բանավեճերի ձայնագրությամբ հեռարձակումը նշանակում է, որ Հանրային հեռուստաընկերությունը ապասարկում է թեկնածուներից մեկի օրակարգը, շահերը եւ ձեւաչափը: Քանի որ ես բանավեճերից երբեք չեմ խուսափել, ձեր միջոցով նորից եմ դիմում «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, նույնիսկ նրա խնդիրը կթեթեւացնեմ: Ես պատրաստ եմ ընդունել բանավեճերի ձեր օրակարգը, մասնավորապես՝ հետեւում եմ, որ վերջին օրերին դատողություններ եք անում ղարաբաղյան հակամարտության մասին՝ հայտարարելով, որ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի: Շատ սկզբունքային եւ կարեւոր դատողություն է: Պատրաստ եմ ձեզ հետ բանավիճել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր մոդելների վերաբերյալ: Հարգարժան թեկնածու, ձեր խնդիրը թեթեւացնում եմ, ինքներդ ընտրեք բանավեճի օրակարգը: Կարող ենք խոսել ցանկացած ոլորտի մասին, որ հեռուստաալիքը հարմար գտնեք: Ինքներդ ընտրեք»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: